ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վախճանվել է Ստեփան Թոփչյանը

Վախճանվել է Ստեփան Թոփչյանը
20.01.2021 | 12:47

Վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը):

Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960–1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1967–1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976–1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում՝ որպես Գեղարվեստական արձակի խմբագրության, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։ 1966 թ. պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։ 1967 թվականից եղել է ՀՀ Գրողների միության անդամ։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին: Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում:

Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Դանիել Վարուժան» գլուխը (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները: Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ, և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը: Ստեփան Թոփչյանը հեղինակ է հարյուրավոր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, և բազմաթիվ գրքերի առաջաբանների:

Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

Դիտվել է՝ 4524

Մեկնաբանություններ